Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․
- Փետրվար ամսվա ֆլեշմոբի երրորդ մակարդակ
- Արյան գործառույթներ և բաղադրություն
- Արյան ձևավոր տարրեր
- Արյան մակարդում
- Արյան խմբեր
- դասը սովորել պատմել-էջ՝ 88-95
Արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է: Այն օրգանիզմի բոլոր բջիջներին մատակարարում է թթվածին և սննդանյութեր, այնտեղից հեռացնում է ածխաթթու գազը և կենսագործունեության արգասիքները: Արյան մեջ են անցնում ներզատական գեղձերում մշակված կենսաբանական ակտիվ նյութերը (հորմոնները), որոնք կարգավորում են օրգան համակարգերի գործունեությունը: Այն նաև նպաստում է օրգանիզմի ներքին միջավայրի քիմիական բաղադրության ու մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը:
Էրիթրոցիտներ: Արյան կարմիր ձևավոր տարրերը` էրիթրոցիտները, ունեն երկու կողմից ներհրված սկավառակի տեսք: Այդպիսի կառուցվածքը մեծացնում է նրանց շփման մակերեսն արյան մեջ ներթափանցած գազերի (O2;CO2) հետ և մեծացնում թթվածին տեղափոխելու օգտակար գործողության գործակիցը: 1 մմ³ արյան մեջ պարունակվում է 4,5−5 մլն էրիթրոցիտ: Արյան մեջ էրիթրոցիտների քանակը կարող է ավելանալ մեծ բարձրությունների վրա՝ թթվածնի պակասի դեպքում, ինչպես նաև մկանների աշխատանքի ժամանակ: Էրիթրոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում:Լեյկոցիտներ: Դրանք արյան սպիտակ գնդիկներն են` անգույն, կորիզավոր բջիջներ, չափսերով ավելի մեծ, քան էրիթրոցիտները, սակայն քանակով անհամեմատ ավելի քիչ: Արյան 1 մմ³ -ում պարունակվում է 6000−8000 լեյկոցիտ. նրանց քանակը կարող է ավելանալ սնունդ ընդունելուց, ծանր ֆիզիկական աշխատանքից հետո և հատկապես բորբոքային գործընթացների ժամանակ:
Լիմֆոցիտները նույնպես առաջանում են ոսկրածուծում, ավշային գեղձերում և փայծաղում: Նրանք ապրում են ավելի քան 20 տարի: Լիմֆոցիտները մասնակցում են հակամարմինների առաջացմանը և պայմանավորում իմունիտետը:
Արյան թիթեղիկներ կամ թրոմբոցիտներ:
Մասնակցում են արյան մակարդման գործընթացին: Սրանք արյան ամենափոքր ձևավոր տարրերն են, առաջանում են կարմիր ոսկրածուծում, ապրում են 5−7 օր, քայքայվում փայծաղում կամ անոթների վնասված պատերի հետ շփվելիս, չունեն կորիզ: 1 մմ³ արյան մեջ պարունակվում է 400000 թրոմբոցիտ: Սրանց քանակի պակասի դեպքում վնասված անոթից տեղի է ունենում երկարատև արյունահոսություն: